ՆԱԽԵՐԳ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ
Կարմիր եղեգնիկը, Հայկ Նահապետի աղեղն ու նետը, Սասունցի Դավթի Թուր կեծակին Հայկական աշխարհի քաղաքակրթական ներուժի փայլատակումներն են։ 2020-ին փայլատակող հուրը լքեց մեր լեռնաշխարհը, բայց չէ՞ որ մեր երկրի երկնքում երկունք էր, երբ աշխարհը նոր էր զատել խավարն ու լույսը։
2020-ին մի պահ արևի ու լույսի խավարում եղավ Հայկական աշխարհում. հայը սեփական ձեռքով վառում էր հակահայերի ձեռքով թուրքին նվիրաբերված իր օջախը, քանի որ ոտնիգլուխ ջլատված երկիրը դաշունահարվեց թիկունքից։ Հակահայությունը, այսպիսով, դեռ չի լքել մեզ։ Սակայն գալիք տարին պիտի Հայկի արծաթե աղեղը լարի, պիտի Դավթի Թուրը կայծակի երկնքում, երկրում (Արցախում ու Հայաստանում) վերջապես հաղթի ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Կհաղթի նաև կերպարվեստի լուսերանգ զորությամբ։
ՀՐԴԵՀ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ. ՄԻՆԱՍԻ ՀՈՒՐ ԼԱՎԱՇԸ
1971-ին առեղծվածային հանգամանքներում հրդեհվեց հետսարյանական շրջանի ամենահռչակված նկարչի՝ Մինաս Ավետիսյանի արվեստանոցը Երևանի կենտրոնում, ոչնչացան շուրջ 100 կտավներ։ Նկարչի շուրջը հաճախ անտեղի աղմուկ էր փոթորկվում, գավառաբնույթ ձոներգեր էին ձուլվում, որոնք զատում էին նրան իր գեղարվեստական միջավայրից՝ շուրջը հյուսելով թաքնված, բայց մարտաշունչ նախանձի և անհանդուրժողականության դեղնատերև դափնեպսակներ։ Նկարիչը դիմանում և դիմակայում էր, օրնիբուն լսելով դղրդուն ածականներ, բայց թիկունքին զգալով սուր սառնություն։ Մինասի, ինչպես յուրաքանչյուր իսկական արվեստագետի, հոգեկան անդորրն ու ներաշխարհային բերկրանքը մոռացության էին տալիս շրջակա աշխարհի ալեբախումները։
Եվ նա պատսպարվում էր իր աշխարհում՝ նկարակալի և կտավի առաջ։
Շատերը սիրով մաղթեցին նկարչին շուտափույթ ստեղծագործական ապաքինում և նոր վերելք, ոմանք չարախնդացին՝ սպասելով Մինասի տապալմանը։ Իսկ նա որոնումների մեջ էր, նա հաղթահարել էր ալեբախումները, և ահա 1972-ին հայ կերպարվեստում բռնկվեց «Լավաշ են թխում» գեղանկարչական հրաշքը։
Գաղափարական կայսրության գլխավոր տպագիր խոսափող «Պրավդա» օրաթերթն անդրադարձավ Մինասի գլուխգործոցին, արվեստի քննադատ Օ. Բուտկևիչը թերթում գրեց այս անզուգական տողերը. «Գույնի կախարդական լարվածությունը Մ. Ավետիսյանի նկարում, ազգային լավաշ թխող կանանց գթոտ ձեռքերի միջով, բարձրանում է այրող փոքրիկ արևի նման ու կտավի զուսպ խստության հետ անսպասելի ձևով ներդաշնակվում դիտողի գիտակցության մեջ»։ Մինասը վերապրեց հարվածը, հրդեհը ճարակել էր 100 նկար, սակայն նկարչի արարչական մղումը փայլատակեց ամպրոպին հաջորդող արևաժպիտի պես։ Եվ նա, մինչ առեղծվածային վախճանը (երկու առեղծվածներ մեկ մարդու կյանքում մինչև օրս բացահայտված չեն, սա առեղծված չէ՞), արարեց օրնիբուն։ Նա հաղթեց և՛ գավառաբնույթ ձոներգերի մեներգիչներին, և՛ մարտաշունչ նախանձի մունետիկներին։ ՈՒ թող որ 2020-ի ավարտն ազդարարող եկեղեցական զանգերի ղողանջին զուգընթաց Հայկական աշխարհում բյուր թոնիրներ վառվեն և թխվեն ու սեղան բարձրացվեն անհամար հուր լավաշներ։
ԿԵՆՍԱԽԻՆԴ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ՝ 2021-Ի ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ
Կենսախնդությունը հայ ազգային կերպարվեստի բազմացայտ ու ձայնեղ նվագարանն է։ 1945-ին մեծն Սարյանը վրձնեց «Ծաղիկներ» հռչակավոր նատյուրմորտը։ Այն նվիրված էր Մեծ հայրենական պատերազմում նահատակված հայ զինվորներին։ Այսօր, հուսամ, հայ նկարիչներն արժևորում են մեր հինգ հազար նահատակների լուսեղեն հիշատակը իրենց ոգեշունչ կտավներում։
Բազում են կենսախինդ լավատեսությամբ ստեղծված կտավները (նատյուրմորտներ, պաննոներ, որմնանկարներ) հայ կերպարվեստում, որոնց անգամ հպանցիկ թվարկումը երկար ժամանակ կխլի, այնուամենայնիվ, առանձնացնեմ մի քանիսը, Հովհաննես Զարդարյան՝ «Գարուն» (1956 թ.), Սարգիս Մուրադյան՝ «Տնկիներ» (1970 թ.), Աշոտ Մելքոնյան՝ «Ընտանիք» (1967 թ.), Սեյրան Խաթլամաջյան՝ «Արևոտ օրը» (1984 թ.), Արա Բեյքարյան՝ «Հանգիստը» (1970 թ.), Նիկոլայ Քոթանջյան` «Գարունը» (1960 թ.) և Զաքար Խաչատրյան` «Ձմեռը» (1969 թ.)։ 2021 թվականը հայ կերպարվեստի հաղթարշավի տարին է, չկասկածեք։ Կենսախինդ լավատեսությամբ լի երկրի կերպարվեստը աստիճանաբար դուրս է գալու միջազգային ասպարեզ։ Հիշեցնում եմ նախկին հրապարակներում հնչած, առաջին հայացքից ոգեշունչ առաջարկս՝ հայկական 4-րդ Հանրապետության կառավարության կառուցվածքում պետք է գործի կերպարվեստի նախարարություն։
«ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ»
1967-ին Հենրիկ Սիրավյանը (1928-2001) վրձնեց սքանչելի մի ստեղծագործություն և այն անվանեց «Աղբյուրի մոտ»։ 1960-1971-ին տիար Հենրիկը վրձնում է մի քանի հիշարժան կտավներ, որոնք այսպես է բնութագրել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը. «Դրանք աչքի են ընկնում երաժշտական, դեկորատիվ, հաճելի, ասես մեղրածոր լույսով շաղախված գուներանգների նուրբ ձայնակցումներով ու զուգորդումներով, կոմպոզիցիոն անշտապ ռիթմով, պարզ ու հստակ դասավորությամբ, գունաշերտի հարթ մակերևույթով և կերպավորման լակոնիկ ոճով»։
«Աղբյուրի մոտ» գործը, ըստ իս, թումանյանական պոեմ է, որն ընթերցելիս ակամա լսում ես Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Բավարարվում եմ այս ամենով, հորդորելով՝ հիանալ կտավով, որը լուսաշաղոտ ձոներգ է առ հայկական կենաց հավերժությունը։
Նաև ուղերձ եմ հղում հայկական 4-րդ Հանրապետության կերպարվեստի նախարարությանը՝ Հենրիկ Սիրավյանի «Աղբյուրի մոտ» ստեղծագործությունը որմնապատկերել Հայկական աշխարհի, այն է՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բնակավայրերում։
«ՏՈՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ»
Վաստակաշատ գեղանկարիչ Ռուբեն Գաբրիելյանը (1926-2015 թթ.) 1970-ին վրձնեց մի չքնաղ գործ՝ «Տոն Ղարաբաղում», որը հանգրվանել է Դրեզդենի թանգարանում։ Փայլուն գործ է, որն Արցախի կենսախինդ լավատեսության ևս մի խորհրդապատկեր է։ Կտավում հեքիաթն ու իրականությունը մեկտեղված են։ Խենթուկ լարախաղաց, խոհեմադեմ քամանչահար, ինը գեղադեմ կանայք՝ երեսաբաց և մի բերանակապ տատիկ, ճերմակազգեստ մի աղջնակ ու մի շնիկ, որը քամանչահարի նվագն է լսում և գլուխը թեքած ասես հիանում է կանանցով։ Ինչ-որ առեղծվածային արարած կարծես հսկում է տոնի ընթացքը։ Կտավի աջ հատվածում պատկերված են քաղաքային գեղեցիկ շինություններ, որտեղ, հավանաբար բնակվում են գեղադեմ կանայք և բերանափակ (բերանը փակված է բերանակապով) տատը, քամանչահարը, լարախաղացը, աղջնակն ու շնիկը։
Երկրորդ ուղերձն եմ հղում 4-րդ Հանրապետության կերպարվեստի նախարարությանը՝ Ռուբեն Գաբրիելյանի «Տոն Ղարաբաղում» կտավը որմնապատկերել Հայկական աշխարհի բնակավայրերում։
ՀԱՅՈՑ ԵՐԿՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ
Որդան կարմիրը մեր հնագույն նախապապերը համարում էին միասնության խորհրդանիշ։ Եվ երբ Հայաստանից ապրանք էր դուրս բերվում, ապրանքացուցակի առաջին հորիզոնականում որդան կարմիրն էր։ Հայաստանն արտաքին աշխարհում հաճախ անվանվում էր ոչ թե Հայոց աշխարհ, այլ Որդան կարմրի երկիր։ Մի խոսքով, այս պայծառ և մուգ ներկը, ինչպես և հայկական ծիրանը, հռչակել էին մեր հինավուրց հայրենիքը որպես զարմանահրաշ գույնի և համի եզերք։
Ի դեպ, պատմական Հայաստանի բոլոր գավառների և իշխանական տների զինադրոշների վրա իշխող էր հենց որդան կարմիր գույնը։ Իսկ Տիգրան Մեծի ժամանակաշրջանում Ծովից ծով Հայաստանի հպատակությունն ընդունած վասալ երկրների դրոշների վերին երիզը ներկվում էր որդան կարմիր ներկով։ Դա հավատարմության նշան էր։ Եվ ահա ես երազում եմ, որ գալիք տարում Հայկական աշխարհում սկսվի որդան կարմիր խորհրդանիշ ներկի արտադրությունը։ Եվ այն դառնա հայ նկարիչների ներկապնակի իշխող գույնը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ